ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Բաքվում սկանդալ է եղել, երկրից վտարել են շվեյցարացի քաղաքական գործիչ, Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին։ Վերջինս Բաքվում էր որպես ԵԱՀԿ ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ, նա պետք է տեղում վերահսկեր Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները և զեկուցել մարդու իրավունքների խախտումների մասին։ Այս մասին հայտնում է Blick-ը։
Բաքու ժամանելուն պես Գուգերից առգրավել են անձնագիրը և արգելել նրա մուտքը, օդանավակայանում քաղաքական գործչին պահել են 3 ժամ, որից հետո նստեցրել Ստամբուլ թռչող ինքնաթիռ։
Գուգերն անձնագիրը ստացել է միայն Թուրքիայում, այնտեղից էլ մեկնել է Ցյուրիխ:
Նշվում է, որ Գուգերը ուշադրության կենտրոնում է հայտնվել ԼՂ հակամարտությանն իր քաղաքական առնչության պատճառով։
Պարբերականը հիշեցրել է, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը ԼՂ-ի դեմ իրականացրել է ռազմական ագրեսիա, ինչից հետո այնտեղից բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար հայ։ Գուգերը հրապարակավ բողոքել է հայերի նկատմամբ բռնությունների դեմ, ինչպես նաև իր քննադատությունն ուղարկել Ադրբեջանի դեսպանին։
--00—ՅՄ