ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
«Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունը
Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ առայժմ Տավուշում։ Հերթական անգամ կոպտորեն խախտվում են ՀՀ սահմանադրությունը և դրա հետ փոխկապակցված օրենքները ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության պահպանման և դրա հնարավոր փոփոխությունների կարգի, ինչպես նաև ԵԱՀԿ ուղեցույց փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ «Միասին» շարժումը, անսալով հանրության տարբեր շերտերի պայանջը, դիմում է ԱԺ խմբակցություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար ապրիլի 25-ին ՀՀ Աժ-ում ստորագրահավաք նախաձեռնելու պահանջով։
Հրապարակային արձանագրումներով և քաղաքական ձևակերպում չստացող դժգոհություններով բավարարվելու ժամանակն անցել է։ Բոլոր այն բացատրությունները, թե չկա կրիտիկական զանգված կամ կարելի է դեռ սպասել, նշանակում է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին ոստիկանական բռնի ուժով և կեղծ օրակարգերով ճնշել, մոլորեցնել ընդդիմացող Տավուշի և Հայաստանի բնակչությանը։ Այսինքն՝ ուղղակի նպաստել միջազգային հանցագործ, Արցախի Հանրապետությունը բռնազավթած, արցախահայությանը ցեղասպանության ենթարկած և այժմ էլ նույն ծրագրով ՀՀ-ն կազմաքանդող Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ այս պետականակործան հակահայ ծրագրում դառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի մեղսակից։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճակատագիրը որոշվում է Երևանում՝ ՀՀ ԱԺ-ում։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն խախտել է Աժ-ում հաստատված կառավարության իր ծրագիրը, այսինքն՝ նա չունի այլևս ժողովրդի քվեն և լեգիտիմություն։
Եթե ՔՊ մեծամասնության պարագայում անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվում է, խորհրդարանական ընդդիմությունը կարող է վայր դնել պատգամավորական մանդատները՝ ի նշան բողոքի՝ ցույց տալով միջազգային կառույցներին և ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացիներին, որ իրենք հավատարիմ են ՀՀ պետական շահերին և օրենքի գերակայությանը՝ արդեն խորհրդարանից դուրս պարտադրելով իշխանության վերադարձը ժողովրդին։
«Միասին» շարժումը դիմում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ոտքի ելնել և օրինական բոլոր միջոցներով քաղաքացիական անհնազանդությամբ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանադրական կարգը։ Միասին պաշտպանելու ենք և՛ Տավուշի տարածքը, և՛ ողջ Հայաստանը՝ մերժելով Ալիևի կամակատարներին։
«Միասին» շարժման համակարգող խորհուրդ
--00—ԼՀ