ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն և բժիշկ Պիեռ Շիլինգերը հերթական ծրագրով Գեղարքունիքի մարզում են։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ծրագրի ներկայացուցիչները մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ 5-օրյա ինտենսիվ դասընթացներ են անցկացնում մարզի բուժաշխատողների համար։
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի ներկայացուցիչ, վերապատրաստող և շտապօգնության բժիշկ Պիեռ Շիլինգերը առաջին հանդիպումն անցկացրել է Գավառ համայնքի տարբեր բուժհիմնարկների ընտանեկան բժիշկների և բուժքույրերի հետ։ Վերապատրաստման թեման էր «Ինչպես իրականացնել առաջին բուժօգնությունը, որպեսզի այն լինի ավելի արագ և արդյունավետ»։
Վերապատրաստումն ընթացել է ակտիվ քննարկումների, պարզաբանումների մթնոլորտում, դասընթացավարի կողմից օգտագործվող դիդակտիկ պարագաների, գործիքների և նյութերի օգտագործմամբ։
Թեման ամփոփվել է մասնագիտական ցուցադրական գործողությունների միջոցով։
Վերապատրաստման դասընթացները կտևեն մինչև հունիսի 1-ը, կմասնակցեն Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի առողջապահական հաստատությունների բուժաշխատողները։
--00—ԼՀ