Գազայում ռազմական գործողությունները կշարունակվեն ևս 7 ամիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

գազ.j

Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն ևս առնվազն 7 ամիս։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News-ը։

Հանեգբին հայտնել է, որ իսրայելական ուժերն արդեն վերահսկողության տակ են վերցրել Ֆիլադելֆիական միջանցքը՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանին գտնվող բուֆերային գոտին։

«Գազայի ներսում Իսրայելի պաշտպանության բանակն այժմ վերահսկում է Ֆիլադելֆիայի միջանցքի 75 %-ը։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ԻՊԲ-ն ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցնի այն։ Եգիպտացիների հետ միասին մենք պետք է ապահովենք, որ զենքերի մաքսանենգությունը կանխվի», - ասել է նա իսրայելական Kan հանրային հեռարձակող ընկերությանը։

Նա հավելել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն առնվազն 2024 թվականի ընթացքում։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

--00—ԼՀ