ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Եվրամիությունը ցավում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման և Իսրայելի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների զոհվելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և կրկնում ՀԱՄԱՍ-ին ուղղված իր կոչը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Կոչ է անում նաև Իսրայելին զսպվածություն դրսևորել և վերսկսել մարդասիրական օգնության անխոչընդոտ ներմուծումն ու էլեկտրամատակարարումը Գազա»,-ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ:
ԵՄ-ի արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, Միջերկրածովյան հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Դուբրավկա Շույցայի և Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնաժողովի անդամ Աջի Լյաբիբի համատեղ հայտարարությունը հրապարակվել է մարտի 18-ի երեկոյան։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր կողմերին կոչ են արել «ճշտությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները»:
«ԵՄ-ն կարծում է, որ բանակցությունների վերսկսումն ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն է»,-նշում են Բրյուսելում։
--00--ՀԱ