ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Օշականի մասին գրավոր հիշատակումները սկսվում են վաղ միջնադարից, բայց հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Օշականը բնակեցված է եղել դեռևս բրոնզեդարյան շրջանում: Կիկլոպյան ամրոցի հետքերը և հնագիտական այլ շերտերը դրա վառ ապացույցն են: Այս բնակավայրը հայկական (և ոչմիայն) իրականության այն եզակի վայրերից է, որ երբեք անվան փոփոխություն չի կրել՝ միաժամանակ անքակտելիորեն կապված լինելով հայոց պատության ամենակարևոր ու անկյունաքարային դրվագների հետ:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Օշականը դեռևս 4-րդ դարում արքունապատկան տիրույթ է եղել և հայոց արքա Խոսրով Կոտակն Օշականը նվիրաբերել է Ամատունի իշխանատոհմին՝ որպես Վահան Անատունի իշխանի Օշականի ճակատամարտում մասքութ նվաճողներին ջախջախելու գնահատանքի դրսևորում: Շուրջ մեկ դար անց Ամատունի իշխանատոհմից մեկ այլ զորական և պետական գործիչ Վահանը իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի աճյունը բերել է Օշական և գրերերի գյուտի հեղինակ սրբի դամբարանի հիմքի վրա կառուցել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ուշագրավ է, որ հաջորդ դարերում էլ Օշականը հոգևոր ու քաղաքական պորտալարով կապված է եղել հայկական կենտրոնների հետ: Օրինակ՝ 17-րդ դարում Էջմիածնի և Օշականի եթակառուցվածքային կապն ավելի ամրապնդելու համար Քասաղ գետի վրա Նահապետ Եդեսիացի կաթողիկոսը կառուցել է հայտնի Օշականի կամուրջը, որը մինչ օրս կանգուն է և գործում է: Արդեն 18-րդ դարի վերջին Օշականի կամուրջը հիմնանորոգել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ սովորաբար Օշականն ասոցացվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու, Օշականի ճակատամարտի և Օշականի կամուրջի հետ, սակայն Օշականը չի սահմանափակվում միայն այս պատմամշակութային արժեքներով ու պատմական իրադարձություններով։ Օրինակ՝ Սուրբ Սիոն եկեղեցին, որը հայտնի է նաև Մանկանոց մատուռ անվանումով, կարևոր տեղ ունի հայոց պատմության մեջ և ըստ մասնագետների՝ թվագրվում է 7-րդ դարով:
Օշականի պատմությանը և Օշականի պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
--00—ԼՀ