ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Իրանը խորքային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, ինչքան էլ մակերեսային մակարդակով Իրանի հետ լավ հարաբերություններ լինեն, միևնույն է՝ Թեհրանն աչք չի փակի Ադրբեջանում Իսրայելի գործոնի և Սյունիքի «միջանցքի» հարցում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ազգությամբ իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։
«Ադրբեջանը խաղացողներից մեկն է, բայց ճանապարհների ապաշրջափակման հարցում ինքը չէ վերջին խոսքն ասողը։ Թուրքիան ասում է, որ ՀՀ-ով ճանապարհը տնտեսական հնարավորություններ կտա Իրանին, բայց դա իրենց համար է միայն հնարավորություն, Իրանին ու Հայաստանին ոչինչ չի տալու, քանի որ Իրանն ունի Պարսից ծոց - Սև ծով ծրագիրը, որն ավելի կարևոր է, իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհը Իրանին միացնում է Եվրոպայի հետ, Չինաստանն էլ կարող է օգտվել, դա ավելի կարևոր է։ Իրանն Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհ է առաջարկել, բայց նրանք քաղաքական նպատակ ունեն, դրա համար են միջանցք ուզում, որ իրենց երազանքը կատարեն՝ Սյունիքը վերցնեն, Թուրքիայից մինչև Միջին Ասիա թուրքական պետություն ստեղծեն»,- մեկնաբանեց բանախոսը։
Վերլուծաբանի խոսքով, ՀՀ-ում Իրանի դեսպանը հստակ ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի տարածք չկա, դիվանագիտական բոլոր խողովակներով կանխելու է հարձակումը ՀՀ-ի վրա․ «Իրանը Բաքվին կոշտ ասել է, որ պատերազմ չի լինելու, եթե լինի՝ դիմադրելու է, իր սեղանին բոլոր սցենարներն ունի, սահմանի փոփոխությունը կարմիր գիծ է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ