Փարիզի քաղաքապետը լողացել է Սեն գետում Օլիմպիական խաղերի մեկնարկից 9 օր առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Screenshot_4

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն առավոտյան լողացել է Սեն գետում, որպեսզի ապացուցի, որ գետի ջուրը բավական մաքուր է Օլիմպիական խաղերի լողի մրցաշարերից մեկն անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ան Իդալգոյի՝ գետում լողալուն Սենի ափերից հետևել են հարյուրավոր մարդիկ։

Փարիզի քաղաքապետի հետ միասին Սենում լողացել է նաև «Փարիզ 2024»-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն։

Օլիմպիական խաղերի համար Սենը պատրաստելու ջանքերում ներդրվել է մոտ 1,4 միլիարդ եվրո՝ հիմնականում կանխելու կոյուղաջրերի հոսքը դեպի գետ։ Չնայած դրան, մինչև վերջերս գետի ջուրը չէր անցնում որակի համապատասխան ստուգումները։ 

Իդալգոն նախատեսում էր Սենում լողալ հունիսին, սակայն ստիպված էր հետաձգել իր ծրագրերը՝ ջրում առկա բակտերիաների անթույլատրելի բարձր մակարդակի պատճառով։ Հուլիսի սկզբին վերցված նմուշները, սակայն, ցույց են տվել, որ գետը պատրաստ է լողի և տրիատլոնի մրցաշարերի, ինչպես նաև 65-ամյա Իդալգոյի համար։

Ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում կմեկնարկեն հուլիսի 26-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը։ 

--00—ՅՄ