ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ներքին գործերի նախարարության և Երկրապահ կամավորականների միության վարչության հետ համատեղ ծրագրի շրջանակներում՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, հուլիսի 20-ից օգոստոսի 15-ը Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում գտնվող «Եռասերունդ Երկրապահ» ուսումնառազմական հանգստի համալիրում կազմակերպվեց Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը։
Ճամաբարային առօրյան և ուսումնավարժական հավաքներն առավելագույնս արդյունավետ անցկացնելու նպատակով հավաքներին ներգրավվեցին ՆԳՆ ՓԾ մասնագետներ, փրկարարական ծառայողներ, ովքեր տեղում անցկացրեցին մասնագիտական դասախոսություններ, պարապմունքներ, մրցաշարեր՝ ապահովելով մասնակիցների անվտանգությունը և առողջությունը, հատկապես՝ վերահսկողություն իրականացնելով Սևանա լճի հարակից տարածքներում։
Միջոցառմանը 3 հերթափոխով մասնակցեցին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների 8-ից 15 տարեկան շուրջ 80 երեխա։
Երեխաների ճամբարային առօրյան հագեցած էր հետաքրքիր և տարաբնույթ միջոցառումներով․ կազմակերպվեցին ուսումնամարզական հավաքներ, արշավներ, մշակութային և սպորտային միջոցառումներ, արտակարգ իրավիճակներին առնչվող վարժանք-խաղեր, առաջին օգնության դասընթացներ, որոնց ընթացքում պատանիները ձեռք բերեցին փրկարարական և ռազմական գիտելիքներ, ծանոթացան զինվորական կյանքին, գործնական պայմաններում փորձեցին կիրառել պարապմունքներից յուրացրած գիտելիքները՝ միաժամանակ բնության գրկում վայելելով իրենց ամառային յուրօրինակ հանգիստը։
Նշենք, որ Փրկարար ծառայությունը տարիներ շարունակ աջակցում է նմանօրինակ ճամբարային հավաքների կազմակերպմանը և իրականացմանը, ինչը միտված է երեխաների բազմակողմանի հմտությունների՝ ինքնուրույնության, խնդիրներ լուծելու, հաղորդակցվելու ունակությունների ձևավորմանը և ռազմահայրենասիրական դաստիարակության խթանմանը։
--00--ԼՀ