Հոկտեմբերին WCIT 2024 շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2024-09-23_13-56-14

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականներին 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց Հայաստան այցելելու համար՝ փաստելով, որ այդ քայլը 2020թ. պատերազմից հետո Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընդունած բանաձեւերի շարունակությունն էր:

Դեսպանն իր հերթին կարեւորել է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, նշել, որ հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման, ներդրումների խթանման կարեւորությունը: Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված: Վերջիններս հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ներդրումների հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը եւս կարեւորել է վերոնշյալ բնագավառներում համագործակցությունը, ներկայացրել մեր երկրի գործուն քայլերն ու միջոցառումներն այս ուղղությամբ:

--00—ՅՄ