Պապոյանը և ՄԹ դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

պա.p

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը։

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում Գևորգ Պապոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

--00—ԼՀ