ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին անգամ հարված են հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող և հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Զղարթա շրջանի Այթու բնակավայրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լիբանանյան պետական NNA գործակալությունը հաղորդում է, որ հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել։
Փլատակների մաքրման և փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Լիբանանի արևելքում իսրայելական օդուժի հարվածի տակ է հայտնվել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը։ Ռմբակոծության են ենթարկվել նաև երկրի հարավի մի քանի բնակավայրեր։
Իսկ Իսրայելում «Հեզբոլլահ»-ի հարձակման հետևանքով 4 զինվոր է զոհվել, 67 մարդ՝ վիրավորվել։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Գործողության նպատակն, ըստ Իսրայելի, երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումն է։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ 2023 թ. հոկտեմբերից Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 2300-ի, վիրավորների թիվը գերազանցել է 10 600-ը։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
Իսրայել-Լիբանան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
--00—ԼՀ