ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 , 24News
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական վարկ կտրամադրի անհրաժեշտ ռազմական սարքավորումների ձեռքբերման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության կառավարությունը։
«Մեծ Բրիտանիան հայտարարում է Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով վարկ տրամադրելու մասին, որը երաշխավորված է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ինքնիշխան ակտիվներից ստացված եկամուտներով», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ գումարը Մեծ Բրիտանիայի ներդրումն է G7-ի վարկում, որի շրջանակներում Ուկրաինային 50 մլրդ դոլար կտրամադրվի ռազմական, բյուջետային և վերականգնման կարիքների համար։
«Վարկը կմարվի՝ օգտագործելով սառեցված ռուսական սուվերեն ակտիվներից ստացված արտակարգ շահույթը», - հավելել են Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետում:
Հունիսին Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի մասնակիցները քաղաքական համաձայնության են հասել Ուկրաինային օգնելու համար ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու շուրջ: Խոսքը Կիևին մինչև այս տարվա վերջը 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին է։
--00—ԼՀ