ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կիբեռհանցագործության դեմ պայքարում բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության դերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2024-11-04_16-08-53

«Երեխաներին կազմակերպված կիբերհանցագործություններից և առցանց վտանգներից պաշտպանելու դիմակայունության ամրապնդում և երեխաների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում ՆԳ նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը անցկացրել են քննարկում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ թվային աշխարհում կատարվող հանցավոր գործունեության կամ, որ նույնն է՝ կիբեռհանցագործության եղանակներն ու մեթոդները ևս փոխվում են: 

Կիբեռհանցավորության տեսակները բազմաթիվ են՝ ֆինանսական հափշտակություններ, հաքերային հարձակումներ, խարդախությամբ անձնական տվյալների տիրապետում և այլն: Որպես խոցելի խումբ՝ այդ հանցագործությունների թիրախում հաճախ հայտնվում են նաև անչափահասները։ Երեխաներին առցանց տիրույթում առկա վտանգներից պաշտպանելուն են ուղղված «Երեխաներին կազմակերպված կիբերհանցագործություններից և առցանց վտանգներից պաշտպանելու դիմակայունության ամրապնդում և երեխաների պաշտպանություն» ծրագրով նախատեսված միջոցառումները։ 

Անչափահասներին և նրանց ծնողներին թվային տիրույթում կատարվող հանցագործությունների, դրանցից պաշտպանվելու եղանակների մասին իրազեկումը քննարկելու, համատեղ այլ քայլեր ծրագրելու, ինչպես նաև ոլորտում առկա հիմնական հիմնախնդիրները բացահայտելու նպատակով նոյեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր «Երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված քաղաքականություն. բացեր, առաջնայնություններ, հետագա քայլեր» թեմայով քննարկումը:

Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ստանձնելու երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված այս ծրագրի իրականացման առաջնորդությունը։ Նա կարևորել է նման հանդիպում-քննարկումները՝  նշելով, որ կիբեռհանցագործություններից երեխաներին զերծ պահելու համար  անհրաժեշտ է փոխգործակցություն թե՛ ՀՀ պետական գերատեսչությունների, թե՛  միջազգային գործընկերների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև միասնական մոտեցումների մշակում ու առաջնահերթությունների սահմանում: 

Անդրադառնալով կիբեռանվտանգության ամրապնդման նպատակով ՆԳ նախարարության կողմից մշտապես իրականացվող միջոցառումներին՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ  նախատեսվում է ներդնել խորհրդատվական թեժ գիծ, որը հնարավորություն կտա կիբեռհանցավորության ու կիբեռանվտանգության վերաբերյալ ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ակտիվորեն իրականացնել տարատեսակ տեղեկատվական միջոցառումներ: 

Սիլվիա Մեստրոնին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության դերը: Նա նաև կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ  նախարարության սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են թեմային առնչվող խորքային ուսումնասիրություններ, ծավալվել է ակտիվ քննարկում:

--00—ՅՄ