ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու ստորագրահավաքի արդյունքները ներկայացվել են ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

տ

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները հավաքված ստորագրությունները  ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ նախաձեռնության հեղինակները հայտարարել էին, որ հավաքել են 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ 

ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 7-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։

ԿԸՀ-ից նշել են, որ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այս օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։ 

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցով ստորագրահավաքը սկսել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։ Հանրաքվեն մեկնարկել էր սեպտեմբերին, անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները հավաքելիու համար ԿԸՀ-ի կողմից վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի նոյեմբերի 14-ը։ 

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի ներկայացված ստորագրությունները, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ նախագիծն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ 

Նախաձեռնության հեղինակները նշել են՝ եթե ԱԺ-ն քննարկի և մերժի նախագիծը, իրենք գնալու են հարցը հանրաքվեի դնելու ճանապարհով, որի համար անհրաժեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն։ 

--00—ԼՀ