Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են վճռականությունս. Փալոնը՝ Բաքվում իր դեմ ցույցերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

e6ce1b6673

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել: 

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից`  նրան հատուկ ցուցակից հեռացրել են։ 

Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: 

«Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով։

Ես շարունակելու եմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- ԱՄՆ Սենատի անդամ Էդ Մարքիի հետ համատեղ ասուլիսում ասել է Փալոնը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ