ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Վերջին շրջանում հանրության կողմից մեծ քննադատության արժանացավ Գոռ Վարդանյանի կողմից նկարահանված «Կայսրության թևերը» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են նաև երեխաներ, ովքեր խոսում են ժարգոնային ու իրենց տարիքին ոչ համապատասխան խոսույթով։
ԿԳՄՍ նախարարությունը, հաշվի առնելով ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն:
Ըստ այդ եզրակացության` «ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները։»։
ԿԳՄՍՆ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Դատախազությունից 24News-ին փոխանցեցին, որ ստացվել է գրությունը և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
24News-ը կապ հաստատեց Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, վերջինս նշեց, որ տեղյակ չէ ֆիլմի մասին, պետք է ուսումնասիրի, բայց ինչ վերաբերում է երեխաների մասնակցությամբ դրվագներին, շատ խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի։
«Դժբախտաբար, չեն հետևում արվեստին, խոսքին, մակարդակին կամ այլաբանությանը։ Շատ բաներ կան, որ պետք է անցնեն հատուկ հանձնաժողովով, որտեղ կսահմանեն, թե ֆիլմը քանի տարեկանների համար է նախատեսված։ Երեխաների հետ կապված՝ շատ զգույշ է ամբողջ աշխարհը, և երեխաների հետ կապված՝ չեն կարող ամեն մի խոսք, դիալոգ, տեսարան ցույց տալ»։
«Կայսրության թևեր» ֆիլմի դերասան Արմեն Մարությանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով քննադատություններին, նշեց, որ ինքն իր դերն է մարմնավորել ո՛չ հայհոյել է, ո՛չ ծխել․
«Իմ կերպարը, որը ես կերտել եմ, եթե չեք հավանում, մի նայեք, պուլտ գոյություն ունի, «Ռիչարդ II»I-ն էլ թող ԿԳՄՍ-ն արգելի, սպանություն կա», - նշում է Մարությանը։
Մենք փորձեցինք խոսել նաև ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Գոռ Վարդանյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
Նշենք նաև, որ օրեր առաջ 24News-ի հետ զրույցում Վարդանյանը հայտնել էր, որ հարցազրույց չի տալու, երբ ֆիլմն ամբողջությամբ եթերում կլինի, նոր կխոսի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ԱՊ