ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 16, 24News
Հայաստանում անձնիշխան կառավարման համակարգ է ձևավորվում, Փաշինյանը գնում է դեպի ավտորիտար համակարգի, հաջորդը խիստ ավտորիտար կառավարումն է լինելու, որը կա միջինասիական երկրներում, Ադրբեջանում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Փաշինյանն իր էությամբ ավտորիտար գործիչ է, բոլորը աներկբա պետք է ենթարկվեն իրեն, եթե ասի՝ ԱԺ-ում բոլորդ «բառաչեք», կամ բարձր ձայնով ծիծաղեք, բոլորը պետք է անեն, կասկածի տակ չդնեն «սիրելի առաջնորդի» ասածները։ Ոչ մեկ իրավունք չունի նրան «չէ» ասել, չի ներվելու, բոլորը պարտավոր են 100 տոկոսով ենթարկվել իրեն, որ չպատժվեն»,- ավելացրեց նա։
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ առաջիկայում մեծ քաղաքական առևտուր է գնալու՝ Պուտինն ու Թրամփը քարտեզները դնելու են, որոշեն՝ ինչպես են վարվելու Ռուս-ուկրաինական պատերազմի, Մեծ Մերձավոր Արևելքի, ԱՊՀ տարածքի, Չինաստանի, Իրանի հետ։ «Եթե Պուտինն ու Թրամփը որոշեն, որ Հարավային Կովկասը պետք է մնա ՌԴ-ի ազդեցության տակ, նշանակում է՝ ԱՊՀ տարածքը մաքրվելու է արևմտյան ազդեցությունից, Փաշինյանի ապագան անորոշ է դառնալու», - ամփոփեց Բադալյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ