Եկել էր իմ համերգին, ծափ էր տալիս, ուրախանում էր. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ան.

«Հրապարակ» թերթը գրում է.

 «Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, որ վերջին շրջանում ակտիվացել է եւ հանրային հարթակներից դուրս չի գալիս` գերազանցելով սելֆիների ու լայվերի մեծ մասնագետ իր ամուսնուն, փորձում է տարբեր շրջանակների հետ ուղիղ շփումների միջոցով կապեր հաստատել: Նա մե՛կ իր մոտ է հավաքում ինչ-որ անհայտ կանանց ու տղամարդկանց` կրթվելու դասեր տալիս նրանց, մե՛կ հանքարդյունաբերողներին է դասեր տալիս, մե՛կ հաջողակ տղամարդկանցից է փող գանձում` նրանց հետ ընթրելու անվան տակ: Իսկ Ամանորին մոտ նա տոնավաճառ է ուզում անել եւ առաջարկում է մասնակցել այդ տոնավաճառին` 500 հազարից մինչեւ 1,5 միլիոն դրամ ներդրում անելով եւ վիճակահանության մասնակցելով: 

Օրերս էլ նա Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է եղել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին, որը նվիրված էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ու խմբավար Դավիթ Ղազարյանի հոբելյաններին: Պատվավոր հյուրերի թվում էին նաեւ հոբելյարները: «Ես այսպիսի ելույթ չեմ պատկերացնում»,- իր «Այնպես ուզում եմ» երգի նորովի կատարումը լսելուց հետո ասել է Ամիրխանյանը: Համերգից հետո Աննա Հակոբյանն իր էջում գրել էր. «Կարծում եմ՝ «Հովեր»-ի համերգներին պետք է ամենամեծ դահլիճներում անգամ տեղուդադար չլինի, որովհետեւ սեփական անձի հանդեպ մեղք է այս որակի արվեստին հաղորդակից չդարձնելը, առավել եւս, երբ այն այսքան մոտ է, այսքան հասանելի է եւ վերջապես Մե՛րն է»: 

Համացանցում տարածվեցին նրա եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի գրկախառնություն, ողջագուրանքը պատկերող լուսանկարները, ինչը խիստ զայրացրել է հանրության մի ստվար զանգվածի, եւ մարդիկ քննադատում են Ամիրխանյանին, գրում են, որ իրական մտավորականը երբեք չպետք է նման քստմնելի եւ շողոքորթ կեցվածք ունենա, հատկապես այն դեպքում, երբ նախկին իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, նրանցից մրցանակներ է ստացել, երկար ժամանակ որպես ընդդիմադիր է ներկայացել եւ այլն: «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Ռոբերտ Ամիրխանյանին:

- Երեկվանից մարդիկ քննադատում են Ձեզ այն բանի համար, որ գրկախառնվել եք Աննա Հակոբյանի հետ: Այդ արձագանքներին ծանո՞թ եք:

- Ես ուրիշի քայլերը չեմ կարող քննարկել, ով ինչ ուզում, գրում է: Բայց մարդը երբեք իրեն հարց չի տալիս՝ սխա՞լ է ինքը, թե՞ ոչ, ով ինչ ուզում է, ասում է: Աննա Հակոբյանը եկել էր իմ համերգին, ծափ էր տալիս, ուրախանում էր եւ վերջում մոտեցավ ինձ, ես ի՞նչ պետք է պատասխանեմ նրան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

--00—ԼՀ