ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա նշանակի նոր խորհրդարանական ընտրություններ և եթե նա չլքի նստավայրը դեկտեմբերի 29-ին պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։
Վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին խորհրդակցություններ է անցկացրել ընդդիմադիրների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որից հետո նա ծրագրել է նոր ընտրություններ նշանակել, սակայն իրեն համոզել են նման հայտարարություն չանել։ Զուրաբիշվիլին, իր հերթին, նախատեսում է կիրակի երեկոյան արտակարգ ճեպազրույց անցկացնել։
«Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հավաքել է ընդդիմադիր սպեկտրին և հասարակական կազմակերպություններին այն մտադրությամբ, որ ինքը պետք է նշանակի խորհրդարանական ընտրություններ, բայց ինչ-որ խելացի նրան խորհուրդ է տվել չանել դա։ Եթե պատկերացնենք, որ նա բնակություն է հաստատել նախագահական նստավայրում, ապա այս դեպքում դա նույնպես քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, կրկնում եմ՝ գուցե ոչ ոք չուզենա 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց նման արարքով նա կդատապարտի բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին կլինեն այս իրավիճակում»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։
Նրա խոսքով, Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կարող են նշանակվել հետևյալ դեպքում. եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ Սահմանադրական դատարանը չեղյալ համարեն վերջին ընտրությունների արդյունքները, երբ լրանում է խորհրդարանի անդամների պաշտոնավարման քառամյա ժամկետը և, երբ խորհրդարանը կառավարությանը վստահություն չի հայտնում։
«Տեսնենք, թե որտեղ է նա շարունակելու ապրել՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ»,- հավելել է Վրաստանի վարչապետը։
--00—ՅՄ