Փաշինյանը Շիրակի նախկին մարզպետին հեռացրել է Կարեն Սարուխանյանի համար «гарантия» տալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

հհհ.jp

Չնայած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրաժարականից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն հանրությանն այդպես էլ հայտնի չէ այդ քայլի իրական պատճառները։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ կառավարության նիստից րոպեներ առաջ, Մուրադյանը 24News-ի հետ զրույցում հերքել էր հրաժարականի մասին լուրերը, սակայն նույն օրն ընթացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի համար անակնկալ ձևով հայտարարել էր, թե Մուրադյանը դիմում է գրել։ 

Խոսակցություններ կային, որ Մուրադյանի գլխին սկսեցին սև ամպեր կուտակվել, երբ Շիրակի մարզի Վահրամաբերդի դպրոցում վերջինս մասնակցել էր  գյուղի դպրոցում ԶՈՒ բարձրաստիճան զինվորականի անունով դասասենյակի անվանակոչմանը, որի մասին տեղյակ չեն եղել ո՛չ ՊՆ նախարարը, ո՛չ ԳՇ պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛ չ ՏԿԵ նախարարը և ո՛չ էլ ինքը՝ Փաշինյանը։ 

Սակայն 24News-ին հայտնի է դարձել, որ Մուրադյանի մարզպետի պաշտոնից հեռանալու իրական պատճառը սխալ հաշվարկներն ու Նիկոլ Փաշինյանին 100%-ով  «гарантия» տալն էր, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ձայների մեծամասնությունը կհավաքի փրայմերիզի (նախնական ընտրություններ) արդյունքում և կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մուրադյանն այնքան միամիտ է եղել, որ Սարուխանյանի վերաբերյալ  թմրանյութ օգտագործելու մասին տեղեկությունից հետո գնացել ու Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, որ Սարուխանյանին ՔՊ-ի համակիր գյումրեցիները կընտրեն քաղաքապետի ժ/պ, սակայն ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ 

Սարուխանյանը ոչ միայն չհավաքեց առավել շատ ձայներ, այլև իրենից առաջ անցան Սարիկ Մինասյանը, որն այժմ պաշտոնավարում է, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որն էլ հետագայում նշանակվեց Մուշեղ Մուրադյանի փոխարեն Շիրակի մարզպետ։

24News-ը փորձեց կապ հաստատել Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, սակայն վերջինս, ինչպես միշտ, անհասանելի է։ 

Իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, թե ինքը տեղյակ չէ այդ խոսակցություններից․ 

«Իմ ունեցած տեղեկություններով Մուշեղ Մուրադյանն ինքն է որոշել ազատման դիմում ներկայացնել, այլ տեղեկություն չունեմ»,- ասաց Սարուխանյանը։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ