ՄԻՊ-ը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2025-01-11_14-40-25

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։

ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ևս սա ստեղծում է անհասկանալի իրավիճակ և բարդություններ, քանի որ, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ, նրանք բազմաթիվ գործերով անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում` իրականացնելով մարդկանց իրավունքների պաշտպանություն անվճար հիմունքներով: 

✅ Հասարակական կազմակարերպությունների պնդմամբ` հասարակության լայն զանգվածի համար, իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։

✅ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` խնդրի առնչությամբ նաև հրապարակային է հանդես եկել, տարբեր ձևաչափերով իրացվել են ՄԻՊ գործիքակազմերը: Հատկապես անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե եմ բարձրացրել պատշաճ հանրային քննարկումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեին հարկային քաղաքականության փոփոխության համատեքստում շահագրգիռ սուբյեկտների մտահոգությունների արձանագրմամբ և հաշվառմամբ: Հարցը գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, քննարկումներ ունեցել գործընկերների հետ։ Խնդիրը պատշաճ հասցեավորելու նպատակով արդեն իսկ աշխատակազմում աշխատանքներ են տարվել իրավասու մարմնի ուշադրությունը հարցի շուրջ հրավիրելու ուղղությամբ»,- ասել է Պաշտպանը։

Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։

--00—ՅՄ