ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում, այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։
«Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն
հավանականությամբ չի փոխվի»,- նշվում է զեկույցում։
Կառույցը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։
«Թե տարածաշրջանում և թե տարածաշրջանից դուրս պետությունների կողմից պաշտպանական ծախսերի աճի տեմպը, սպառազինության և ռազմարդյունաբերության զարգացման միտումը կշարունակվի, ինչը խնդիրներին ռազմական արձագանքը կպահպանի որպես հիմնական գործելակերպ նաև մեր փոքր տարածաշրջանի դերակատարների համար։
Այս իրողությունները կշարունակեն գեներացնել նաև ասիմետրիկ ռիսկեր նյութական և ոչ նյութական ռեսուրսների օբյեկտիվորեն փոքր պաշար ունեցող պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է»,- նշել են Արտաքին հետախուզության ծառայությունից։
--00—ԱՊ