7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են. Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Arman-Sahakyan

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների  հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ: Այս մասին 24News-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:

Այդ անձանց թվում է նաև` 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը: 

«Նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների  զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Արման Սահակյանը ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ:

Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:

Կոմիտեից նշեցին նաև, քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, լրացուցիչ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ