Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմք ստեղծել․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo_2025-01-27_17-03-16

«Ազատություն»-ը գրում է․ «Բաքվում ընթացող դատավարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե արգելված միջոցների գործադրմամբ Բաքուն փորձում է ցուցմունքներ կորզել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից՝ դրանք հետո Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Սպառնալիք է գեներացվում ՀՀ դեմ», - ասել է Փաշինյանը, - «Հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզենք նրանցից»։

Նախորդ դատական նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել էին, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե իբր «զղջում է 2020-ի 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար», և որ ամենակարևորը՝ «այդ որոշումը ինքը չի կայացրել»։ Թե ով է նման որոշում կայացրել, չի նշվում։ Ընդդիմությունից կարծիքներ հնչեցին, որ Բաքուն փորձում է մի գործ էլ Փաշինյանի վրա կարել։

Թե ինչ հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում պահվող հայ գերիների դեմ՝ նրանցից տարբեր ցուցմունքներ կորզելու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ Բաքուն փորձում է նման ցուցմունքների միջոցով հետագայում առևտրի հիմքեր ստեղծել։

«Եվ ինչո՞ւ ոչ ևս մի հայց ներկայացնելու, ևս մի մեղադրանք ներկայացնելու հայկական կողմին, ինչ-որ հետագա առևտրի հիմքեր: Լրացուցիչ լծակ և լրացուցիչ ինչ-որ կետ ունենալ, որը քննարկման ենթակա ...: Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է այդ մարտավարությունը և թույլ չի տալու, չի ներքաշվելու նման սադրանքների մեջ», - այսօր ասաց ԱԺ նախագահը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ