Տիգրան Սարգսյանն ԵԱՏՄ վարչապետներին է ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամի 4 հիմնական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News 

5262955704094948210

 ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը ղազախական Ալմա-Աթայում ընթացող թվային համաժողովի ժամանակ, որին ներկա էին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, ներկայացրել է իր ղեկավարած Թվային նախաձեռնությունների հիմնադրամի չորս հիմնական ծրագրերը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Ըստ այդմ, հիմնադրամի ստեղծած ծրագրերն ուղղված են թվային տնտեսության ու ռեգիոնալ ինտեգրացիայի զարգացմանը։  

Այսպես, ծրագրերից առաջինը «Ազգային թվային ներդրումային հարթակն» է, որն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն ներդրողների և պետական ​​մարմինների միջև՝ առաջարկելով «կանաչ միջանցք» առաջնահերթ նախագծերի համար։ 

Երկրորդ ու ոչ պակաս կարևոր ծրագիրը «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածն է, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատանքային միգրացիոն ծրագրերը հեշտացնելու այն թվային ճանապարհով առավել մոբիլ դարձնելու համար։ 

Երրորդ ծրագիրը կոչվում է BEE-ONLINE.ru, որը թեթև արդյունաբերության էկոսիստեմա է, պլատֆորմ այն գործարարների համար, որոնք զբաղվում են այս ոլորտով ԵԱՏՄ անդամ երկրներում և դրանցից դուրս։ 
Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամի չորրորդ ծրագրի անվանումն է GovStack։ Այն պետական կառավարման համակարգի թվայնացման տրանսֆորմացիան է ապահովում, այն է՝ էլեկտրոնային կառավարության զարգացումը Միջին Ասիայի և Կովկասյան երկրներում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության թվայնացման մեկնարկը Հայաստանում տրվեց հենց Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք (2008-2014)։ Այսպես, ներդրվեց «էլեկտրոնային կառավարություն» ծրագիրը, որով բոլոր ոչ գաղտնի որոշումները, բյուջեի տողերը, փոխանցումները, հայտարարագրերը դարձան վերահսկելու ու հասանելի ՀՀ ցանկացած քաղաքացու համար։

 

--00—ԱՊ