Կխուսափե՞ն նոյեմբերի 9-ի բանակցային պրոցեսի վերականգնումից, ուրեմն նույն ձև կվերաբերվենք 9-րդ կետին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

12524501_0_5_1600_905_600x0_80_0_0_80873ef37890aa5c69f6a7d0c5addf6f

Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով և, եթե չկա Արցախը, ուրեմն չկա նաև դրանից բխող պարտավորությունը: Այս մասին գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արդեն 1 տարուց ավել է` Մեսրոպատառ հայերենով բացատրում եմ, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափին և պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը Արցախ։

Ասում եմ՝ պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումը Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքը այնպես, ինչպես կար մինչև դրա բլոկադան ու պաշտոնապես հայտարարեք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այս կետերի կատարումը պարտավորվելու դեպքում մենք կապահովենք 9-րդ կետը այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ:

Կխուսափե՞ն նոյեմբերի 9-ի բանակցային պրոցեսի վերականգնումից, ուրեմն նույնը կլինի մեր վերաբերմունքը 9-րդ կետի պարտավորությանը:

Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով և, եթե չկա ԼՂ-ն վերը նշված դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող պարտավորությունը: 

Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել կամ անխոչընդոտ ճանապարհ» կամ «միջանցք» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։

Իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, որ պատրաստ է տալ «անխոչընդոտ» ճանապարհ։ Հարցնում եմ՝ ինչի՞ դիմաց, կրկի՞ն միակողմանի, կրկի՞ն առանց մեր շահը պահանջելո՞ւ։ Ինչպե՞ս անվանես այս երևույթը, երբ քե’զ հասանելիքը խլել են, քե’զ համարում են պարտապան և դու անգամ մտադրված չես պնդելու և պահանջելու քե’զ հասանելիքը։

Ահա սա եմ ես 1 տարի պահանջում ու բացատրում, բայց ակնհայտորեն սրա դեմ պայքարող թուրք - ադրբեջանական ագենտուրան այն նենգափոխում է, որ ոչ ոք չհասկանա, թե ի՞նչ կարող ենք դեռ անել, ինչպե՞ս կարող ենք մենք դեռ բանակցել և խաղաղ բանակցային ճանապարհով փրկել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջապես խուսափենք նոր պատերազմից»:

--00—ՅՄ