Փաշինյանը պետք է բանակցի ՌԴ-ի, հետո՝ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման լուծման համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

s

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ո՞րն է ելքը

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում գրված ձևակերպումը չի նշանակում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է ներկա գտնվեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։
Ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի որոշելու խնդիրն է։ Եթե վաղը Հայաստանը որոշի, որ նրանք չպետք է ներկա լինեն, նրանք ներկա չեն լինի:
Նիկոլ Փաշինյան

Դարձյալ անդրադառնամ նույն թեմային, որովհետեւ Փաշինյանը դրա համար անսպառ առիթ է տալիս:
Միջազգային հարաբերություններում ամեն ինչ որոշում են ուժերի հարաբերակցությունը և կոնկրետ շահերը:

Բացարձակապես կարևոր չէ, թե դու ինչպես ես պատկերացնում Եռակողմ հայտարարության 9-րդ կետի բովանդակությունը, եթե քո պատկերացումը չես կարողանում պարտադրել այդ փաստաթուղթը ստորագրած մյուս երկու կողմերին կամ այնպիսի քաղաքականություն վարել, որ նրանից գոնե մեկի շահերը ներդաշնակ լինեն քո պատկերացումների, օրակարգի հետ:

Ես հասկանում եմ այն փակուղին, որում հայտնվել է Փաշինյանը: Նա չի կարող իր ստորագրությունը հետ վերցնել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից, որովհետև արևմտյան հարթակներում կամ երկկողմ բանակցություններում այդպես էլ չի ստորագրվել մի փաստաթուղթ, որը համարժեք լիներ հրադադարի փաստաթղթին:

Ուրեմն, եթե Փաշինյանը հետ է վերցնում իր ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա դա կարող է համարվել casus belli:

Բայց casus belli կարող է համարվել նաև այն, եթե Փաշինյանի պատկերացումները Բաքվում և Մոսկվայում համարվեն մանիպուլյացիա: Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ արձագանքները հենց դրա մասին են խոսում:

Եվ ուրեմն, ո՞րն է ելքը:

Պետք է բանակցել առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, նրա միջոցով՝ Ադրբեջանի հետ, որպեսզի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում գտնել լուծումներ, որոնք պակաս ռիսկային կլինեն Հայաստանի ինքնիշխանության համար, չեն վտանգի մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։ 


 

--00--ՍՊ