Թուրք-ադրբեջանական կազմակերպության արձագանքը Կարո Փայլանի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին անդամ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ  Կարո Փայլանը քննադատության է արժանացել Հայաստանում մի հաղորդման ժամանակ արված իր վերջին հայտարարությունների համար։ Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»: Թուրքական և ադրբեջանական որոշ կազմակերպություններ անընդունելի են համարել նրա այս հայտարարությունը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ամենակոշտ արձագանքը եկել է Թուրքիայի ադրբեջանական միություններից։ Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի (TADEF) խոսնակ և Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության (İSTAD) նախագահ Սեֆեր Կարակոյունլուն խիստ դատապարտել է Փայլանի մեկնաբանությունները։

«Մենք դատապարտում ենք Կարո Փայլանին պատերազմական հռետորաբանության համար։ Երբ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, նման հայտարարությունը թուրքերի դեմ թշնամանքից բացի ոչինչ չէ։ Մենք պահանջում ենք Փայլանին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և ենթարկել ամենախիստ պատժի», - հայտարարել է Կարակոյունլուն։

Նա նաև ընդգծել է, որ «ատելությամբ, թշնամանքով և պատերազմական հռետորաբանությամբ լի նման հայտարարություն անելը ցավալի է»։ Նա Փայլանի խոսքերը համեմատել է «իմպերիալիստական քարոզչության» հետ և հիշեցրել, որ «1988 թվականին տեղահանված ադրբեջանցիները շուտով կվերադառնան իրենց հողերը, և Կովկասում խաղաղություն ու կայունություն կհաստատվի»։

--00--ԱՀ