ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
«Հետք»-ը գրում է․ «Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող Սպանդարյանի 5 հանքերը ընդգրկված են Ակադեմիական քաղաքի՝ գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ Հանքերը շահագործող ընկերությունների նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։
Սիլիկյան թաղամասի Սպանդարյանի հանքերից հիմնականում արդյունահանում են բազալտ, ստանում են խճաքար և օգտագործում շինարարության մեջ։ Այստեղ ընդերքօգտագործման իրավունք ունեն «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն, «Ամելիա Մայնինգ Քոմփանի» ՓԲԸ-ն, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն և «Շիրինշին» ՍՊԸ-ն։ Եվս մեկ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն այս պահին դադարեցված է։
2024թ․ օգոստոսի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության աշխատակիցները սկսել են հերթապահություն իրականացնել Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հարակից հանքավայրերից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում՝ արգելելով 4 տնտեսվարողի, այդ թվում՝ «Շիրինշին» ՍՊԸ-ին, շահագործվող հանքերից հանքանյութով բարձված բեռնատարների ելքը:
«Շիրինշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է սահմանափակումն իրականացնող ոստիկանների տեղակայման վայրը՝ նշված խաչմերուկ և պարզաբանում պահանջել, թե ինչ հիմքով են կիրառում սահմանափակումը։ Ոստիկանները հայտնել են, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրենց ղեկավարի տված հանձնարարությունն են կատարում, իրենց մոտ, սակայն, վարութային ակտ չկա:
Հաջորդ աշխատանքային օրը փաստաբանն այցելել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ բանավոր տեղեկացրել են, որ, իրոք, ինչ-որ վարույթ է նախաձեռնված վերը նշված հանքավայրերին կից ենթադրյալ ապօրինի հանքարդյունահանման դեպքով, սահմանափակումներն այդ կապակցությամբ են կիրառված, և ոստիկաններն իրենց հանձնարարությունն են կատարում։ Սակայն սահմանափակումներն արձանագրող որևէ փաստաթուղթ փաստաբանին չի տրամադրվել։
«Շիրինշին» ընկերության տնօրենի գրավոր, ինչպես նաև փաստաբանի՝ տեղեկատվություն տրամադրելու բանավոր պահանջներին, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնվել վարույթը, ընկերությունն ինչ առնչություն ունի ապօրինի հանքարդյունահանման հետ, և ինչ հիմքով է կասեցված խճաքարի հումքի արդյունահանումն ու տեղափոխումը մոտակայքում գտնվող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածք, ի պատասխան որևէ իրավական հիմք չի ներկայացվել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ