ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին: Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու:
Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում: Նրա հետ միայն մի քանի սորոսական կանայք էին շփվում: Այդ վերաբերմունքը, իհարկե, նաեւ քովիդի գործով էր պայմանավորված։
Հիմա, փաստորեն, Փաշինյանը ներել է Թորոսյանին: Եթե որոշ ՔՊ-ականներ դա բացատրում են նրանով, որ Թորոսյանն անմնացորդ ծառայում է Փաշինյանին ու հանձն է առել անգամ ամենասկանդալային հայտարարություններն ու քայլերն արդարացնելու անշնորհակալ գործը, ապա մյուսներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես կարելի էր կրոնական հավաքին տանել իր թիմի աթեիստին, որը չի թաքցնում հավատի հանդեպ իր վերաբերմունքը։
Հիշեցնենք․ Վաշինգտոն Փաշինյանի այցի առիթը կրոնական ազատության միջազգային 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաեւ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելն է։ Նշենք նաեւ, որ Save Armenia ընկերության կազմակերպած ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ պատվիրակությունը, մասնակցել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, որի հետ ողջագուրված լուսանկարը տեղադրված է պաշտոնական կայքում։
--00—ՍՊ