ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

,

ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի ուղարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) բոլոր հիմնական աշխատողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Wired լրատվական հարթակը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած էլեկտրոնային նամակը, որն ուղարկվել է գործակալության աշխատակիցներին։

Ըստ հարթակի տեղեկատվության՝ փետրվարի 7-ից աշխատակիցներն «ամբողջ աշխարհում կուղարկվեն վարչական արձակուրդի, բացառությամբ հիմնական ղեկավարության, առանցքային գործառույթների համար պատասխանատու աշխատակիցների և հատուկ մշակված ծրագրերի պատասխանատու անձանց»:

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է 30 օրվա ընթացքում կազմակերպել և վճարել արտասահմանում աշխատող աշխատակիցների վերադարձն ԱՄՆ:

Ավելի վաղ ABC հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ Պետքարտուղարությունը մտադիր է մինչև փետրվարի 8-ը արտասահմանյան գործուղումներից վերադարձնել USAID-ի բոլոր աշխատակիցներին։ 

Փետրվարի 3-ին ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել է  USAID-ի գործունեությունը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ այդ կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

ԱՄՆ ՄԶԳ-ի վերաբերյալ եզրակացություններն արվել են Իլոն Մասկի առաջարկով, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։

--00--ԱՀ