ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում իրականացնելու են առկա իրավիճակի վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

.
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։
 
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
 
Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ մի շարք թեմաների, մասնավորապես՝ միգրացիոն ներկայիս իրավիճակին, նոր նմուշի կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը, քաղաքացիության հացերին, միգրացիայի և ապաստանի կառավարմանը, թվայնացման գործընթացներին և այլն։
Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների մասին՝ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ԵՄ հետ սերտ համագործակցության արդյունքում ՆԳՆ մանդատի ներքո գտնվող մի շարք ուղղություններով էական առաջընթաց է գրանցվել: Նա այդ համատեքստում մասնավորապես անդրադարձել է միգրացիայի և քաղաքացիության և ոստիկանության ոլորտներին։
 
ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու են առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն՝ նպաստելով համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

--00--ԱՀ