ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ժողովրդի ծափերի ներքո Նիկոլի փորած աշխարհաքաղաքական փոսից դուրս գալու համար նախ պետք է հստակ արձանագրել ու գիտակցել, որ շատ խորը և համապարփակ աշխարհաքաղաքական փոսում ենք, հետո հասկանալ ու ընկալել միջավայրը, իրողությունները և փոսից դուրս գալու ելքերը: Իսկ ահա «պոկվենք Ռուսաստանից, մտնենք ՆԱՏՕ ու երջանիկ ապրենք» քարոզչությունը քննարկելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է ՆԱՏՕ-ն, ինչի մասին է եղել և ինչի մասին է այսօր:
Միայն պրիմիտիվ առանձյակների աչքում կարող է թվալ, թե ՆԱՏՕ-ն «առաջին աշխարհի դեմոկրատիաների» անվտանգային ակումբ է: Մինչև Սառը պատերազմի ավարտը ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ-ի և «Սոցլագերի» հետ դիմակայելու ամերիկյան ռազմաքաղաքական ծրագիր էր: Քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ամրագրել էր, որ միջազգային կազմակերպություններ կարելի է ստեղծել միայն տարածաշրջանային հիմունքներով, ամերիկացիները նույնիսկ նոր աշխարհագրական տերմին հորինեցին՝ հյուսիսատլանտյան տարածաշրջան: Մինչև ՆԱՏՕ-ն երբեք նման աշխարհագրական հասկացություն չի եղել: Վարվեցին մոտավորապես այնպես, ինչպես մեր օրերում Դոնալդ Թրամփն է վարվում Մեքսիկական ծոցի հետ: Սա ՆԱՏՕ-ի առաջին իմաստն էր:
ՆԱՏՕ-ի երկրորդ իմաստը Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների՝ Արևմտյան Եվրոպայի ամերիկյան և Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիայի ինստիտուցիոնալ արձանագրումն էր: Իրերն անվանեք իրենց անուններով. որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Եվրոպան վերացել է 1945-ին, երբ Էլբա գետի վրա ամերիկյան բանակը հանդիպեց սովետական բանակին: Դրա համար էր մի առիթով Քիսինջերը ծաղրում՝ «երբ ասում եք Եվրոպա, Եվրոպայի կարծիք, կասե՞ք՝ ո՞ր համարով զանգահարեմ Եվրոպայի կարծիքն իմանալու համար»: ՆԱՏՕ-ն դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև բաժանված ազդեցության գոտիների ամերիկյան «պախանության» արձանագրումը:
Արդեն Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի բովանդակությունը փոխվեց: Հետսառըպատերազմյան ՆԱՏՕ-ն Գերմանիայի օկուպացիան շարունակելու և Պոտսդամյան համաձայնագրերի կյանքը երկարացնելու մասին է: ՆԱՏՕ-ն է այն գործիքը, որով Ամերիկան շարունակում է գերիշխել ամբողջ Եվրոպայում: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն է այն գործիքը, որով Ամերիկան եվրոպացիներին անվտանգություն է մատակարարում, եթե կուզեք՝ վաճառում: Ինչու՞ է միջուկային ռումբերով զինված 100 հազարանոց ամերիկյան բանակը կանգնած Ֆրանկֆուրտում՝ Գերամիայի՞ն է պաշտպանում, ումի՞ց՝ սլովակների՞ց, թե՞ ավստիացիներից, գուցե բելգիացիների՞ց: Իրականում ամերիկյան բանակը Գերմանիայում է, որպեսզի գերմանացիներն «իրենց խելոք պահեն»: Միաժամանակ, ամերիկյան բանակը Գերմանիայում է, որպեսզի Վաշինգտոնը կարողանա Գերմանիայից անվտանգություն վաճառել մինչև այսօր Գերմանիայից «մրսող» ամբողջ Եվրոպային՝ դրա դիմաց Եվրոպայից ստանալով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լոյալություն: Իսկ դրա համար ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն է:
Ավելին՝ երբեք չհավատաք հեռուստատեսությամբ գնացող քարոզին, թե Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի գոյությանը: Լոգիստիկ իմաստով ՆԱՏՕ-ից սպառնացող վտանգը արդեն 1950-ականների վերջերից արդիական չէր: Այո, ՆԱՏՕ-ի և դրան ի պատասխան Վարշավյան համաձայնագրի ատեղծումն այդ պահին ռազմական տրամաբանություն ուներ, քանզի ըստ ավանդական ռուսական ստրատեգիայի՝ որքան առաջնագիծը հեռու է սահմաններից, այնքան երկիրն անվտանգ է: Բայց 1950-ականներին հրթիռային և միջուկային տեխնոլոգիաների ի հայտ գալն ամբողջովին փոխեց այդ տրամաբանությունը՝ ՆԱՏՕ-ն և Վարշավյան համաձայնագիրը վերածելով ավելի շատ քաղաքական, քան թե ռազմական ինստիտուտների: Ի՞նչ է, Մոսկվայում չեն հասկանու՞մ, որ եթե ՆԱՏՕ-ն չլինի, այլ կերպ ասած՝ Գերմանիայի ամերիկյան օկուպացիան դադարի, ի՞նչ է տեղի ունենալու: Չե՞ն հասկանում, որ հաշված տարիների ընթացքում Գերմանիան փորձելու է կրկին համախմբել ամբողջ Եվրոպան ու փորձել հերթական «Drang nach osten»-ը: Չհավատաք, թե Ռուսաստանում հաշվել չգիտեն կամ էլ հերթական գերմանական արկածների համար ուշքներն իրենցը չի:
Ահա սա է ՆԱՏՕ-ն, որին անդամակցելու ակնարկներով հայ ժողովրդին փորձում է խաբել Նիկոլի ռեժիմն ու նրա սատելիտ 5-րդ շարասյունը: Ինչքան մարդ պետք է զոհվի նախկին խորհրադային տարածքում, ինչքան կորուստ պետք է մենք ունենանք, որ ի վերջո Հայաստանում մարդկանց գլուխները մտնի՝ աշխարհակարգի, նույն ինքը՝ խոշոր տերությունների սահմանած կանոնների հետ «գեղցու աֆերիստությամբ չեն վարվում», և երկրի ղեկավար Նիկոլի նման թշվառականի չեն նշանակում: Էլ ինչքան մարդ պետք է մահանա, որ հասկանան՝ նախկին խորհրդային հանրապետություններից ով փորձի աշխարհակարգով գծված ճամբարը փոխել, ռուսական մեծ գրդնակ է գրկելու:
Այս երևույթն ինչպես ցանկանում եք՝ անվանեք, դրանից իրողություններն ու հաստատունները չեն փոխվում: Ի վերջո ու՞մ է հետաքրքրում, որ Հունաստանի կամ Բուլղարիայի բնակչության մեծ մասը ոչ թե ռուսամետ է, այլ կոնկրետ պուտինամետ է, կամ Իսպանիայում երազում են նախկին կայսերական ժամանակների մասին: Նույն կերպ ոչ մեկի չի հետաքրքրում, որ ուկրաինացիները կամ վրացիները ցանկանում են (արդեն էին) ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Գծերը գծված են, պայմանավորվածությունները՝ կայացված: Այդպիսին է եղել աշխարհը, կա և դեռ երկար ժամանակ լինելու է: Եվ, ուրեմն. մեր օրերում ով կասի՝ դառնանաք ՆԱՏՕ-ի անդամ, հանգիստ ուղարկեք գրողի ծոցը՝ որպես այս մի թիզ դարձած երկրի ու մի բուռ դարձած ժողովրդի թշնամի:»։
--00—ԱՊ