ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում այս օրերին սպասողական վիճակ է: Ըստ մեր աղբյուրի, ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11-ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, նշանակումից ի վեր պարբերաբար Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ Դանիել յանից ու իր բերած կադրերից մեծ դժգոհություն կա ոլորտի հետ առնչություն ունեցողներից, այդ թվում՝ գործարարներից: Դժգոհությունները հիմնականում առնչվում են գործարարների աշխատանքը խոչընդոտելուն, թունավորման շատացող դեպքերին, Ռուսաստանի կողմից սննդամթերքի արտահանման վրա դրվող սահմանափակումներին, ավելի ստույգ՝ այդ հարցում վերահսկողության բացթողումներին, հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի, այսպես կոչված, «օպտիմալացմանը», իսկ իրականում անասնաբուժական լաբորատորիաների փակմանը և մի շարք այլ թեմաների:
Այս ֆոնին հետաքրքիր է, որ, մեր ստացած տեղեկություններով, վերջերս Արմեն Դանիել յանին են այցելել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները՝ ինչ-որ պարտքերի բռնագանձման հարցով: Նույնիսկ խոսվում էր, որ այցը եղել է հենց ՍԱՏՄ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչու են տեսչական մարմին այցելել ՀԿԱԾ աշխատակիցները: Հարությունյանը նախ նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, ապա աշխատանքային օրվա ավարտին ասաց, թե իրենց մոտ որևէ մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից չի եկել։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ