Անկարայի և Երուսաղեմի միջև առճակատումը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Artak-Zaqaryan-

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հակամարտությունն էլ ավելի է սրվել՝ Իսրայելի բանակի կողմից Բեյրութին հասցված վերջին հարվածներից հետո։ Անկարան դատապարտել է հարձակումը՝ Իսրայելին մեղադրելով միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է կեղծավոր և բռնապետ, որը դաժանորեն ճնշում է իր քաղաքացիներին և զանգվածաբար ձերբակալում հակառակորդներին։

Երկրների միջև առճակատումը սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ Էրդողանը բացահայտորեն անցավ Համասի կողմը։ 2024թ. մայիսին Անկարան Իսրայելին տնտեսական բոյկոտ հայտարարեց, իսկ նոյեմբերին Էրդողանը հայտարարեց Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին։ Ավելին, նա սպառնացել է ռազմական միջամտությամբ՝ ասելով. «ինչպես մտանք Լեռնային Ղարաբաղ և Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել»։

Անկարայի և Երուսաղեմի միջև առճակատումը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է։ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը փոխկապակցված են, և տարածաշրջանային ցանկացած գործընթաց, ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի անվտանգության վրա»:

--00—ՅՄ