ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականության պաշտպանության ոլորտի ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների դեմ պայքարում իրազեկման բարձրացման, քրեակատարողական ծառայողների կարողությունների բարձրացման ուղղություններով:
Աննա Կարապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումը, մարդու իրավունքների վերաբերյալ կրթական կառուցակարգերի ներդնումը, իրավաբանական կլինիկաների հետ այս ոլորտում ակտիվ համագործակցությունը, ատելության խոսքի և խոշտանգումների դեմ պայքարում համագործակցության շարունակականությունը:
Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականության պաշտպանության ոլորտի ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին: Քննարկվել է հետագայում համագործակցությունը ռազմավարության իրականացման շրջանակներում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել արդյունավետ համագործակցությունը առաջնահերթություն համարվող ոլորտներում՝ հատուկ շեշտելով այդ ուղղությամբ նոր ջանքերի գործադրումը:
--00—ՍՊ