ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«Հետք»․ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի 56 հա՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող տարածքներում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցում։
Ընդհանուր տարածքի տարբեր հողեր տարբեր բնակավայրերի տարածքներում են, մասնավորապես՝ Զովաշենում (19,7 հա), Հատիսում (27,5 հա), Կոտայքում (2,2 հա և 0,1 հա, 0,5 հա), Ակունքում (6 հա)։
Շրջակա միջավայրի նախարարի 2024թ․ սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատվել է «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը։ Համաձայն դրա՝ սահմանվել են Հատիս լեռան վրա գտնվող 9 երկրատեղանքի սահմանները և հատակագծերը։ Այդ 9 երկրատեղանքները բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքի։
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նշված երկրատեղանքների սահմանագծից գտնվում է մոտ 5-125 մ հեռավորության վրա։ Երկրատեղանքների վրա ազդեցությունից խուսափելու նպատակով իրականացվելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ բնության հուշարձանի երկրատեղանքի սահմանին կից տարածքներում տեղադրվելու են հատուկ նշաններ և ցուցանակներ, որոնց միջոցով աշխատակիցները և զբոսաշրջիկները կտեղեկացնեն բնության հուշարձանի երկրատեղանքի վերաբերյալ։ Երկրատեղանքների շրջակայքում աշխատանքները կիրականացվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ բացառելով բացասական ազդեցությունը պահպանվող տարածքների վրա»,- նշված է փորձաքննական դրական եզրակացության մեջ։
Դրական եզրակացությունը տրվել է մի քանի պայմանով․ մանսնավորապես՝ առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և նախարարի՝ անձնագրի վերաբերյալ վերոնշյալ հրամանի պահանջներով։
--00—ՍՊ