Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը դեռ չեն իրագործվել․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ss


Պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ 

 «Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։

Միրզոյանը մանրամասներ է հայտնել նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացից․

«Համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ»։ 



 

--00—ՍՊ