ԵՐԵՒԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐ, 24News
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբբեկովը Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է «Դանկ» մեդալով, որին այդ երկրում արժանանում են մարդիկ, որոնք ունեն պետական կամ հասարակական ծառայության, գիտատեխնիկական լուրջ ձեռքբերումների։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամլո ծառայությունը՝ նշելով, որ Սարգսյանի գործունեությունը ԵՏՀ ղեկավարի պաշտոնում շատ կարևոր է եղել թե Հայաստանի և թե Ղրղզստանի համար։
«Դուք ԵՏՀ-ն գլխավորել եք բարդ ժամանակաշրջանում։ Ձեր ջանքերի շնորհիվ մեր ԵԱՏՄ-ն ընկել է անհրաժեշտ հունի մեջ ու զարգանում է։ Մեծապես հենց Ձեր ջանքերի շնորհիվ իրականացավ Հայաստանի ու Ղրղզստանի օրինաչափ ինտեգրացիան ԵԱՏՄ կազմի մեջ»,- ասել է Ղրղզստանի նախագահը։
Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 1-ին, մինչ այս պարգևատրվել էր Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարության կողմից։ Այսպես, 2019 թ-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեր երկրի նախկին վարչապետին պարգևատրել էր «Բարեկամության» շքանշանով՝ ընդգծելով նրա ներդրումը ԵԱՏՄ զարգացման գործում։
ԵՏՀ գործող նախագահին Ստոլիպինի I ստիճանի մեդալով պարգևատրել էր նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «ԵԱՏՄ-ի զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծագույն ներդրման համար»։
Ավելի վաղ Տիգրան Սարգսյանին «Բարեկամության» շքանշանով էր պարգևատրել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։