ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«Թյուրըմբռնում կա, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը դատական հայց չի ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ»,- այս մասին 24News-ին ասել է Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Զրպարտության վերաբերյալ հայց ներկայացվելու է վարչապետի դեմ։ Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Չգիտեմ թյուրըմբռնումը որտեղից է, որ չենք ներկայացնելու։ Առայժմ ժամկետ չեմ կարող նշել, բայց որ ներկայացնելու ենք, միանշանակ»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստիպված է արձագանքել ՀՀ վարչապետի կողմից իրեն «վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Դրան ի պատասխան Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան: