ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությանը գրավոր դիմում է ներկայացրել նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար: Այս մասին Հարությունյանն ասել է «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին։
Նա նշել է, որ ՀՔԾ-ին առաջարկել է ներկայացնել տեղեկություններ, որոնց տիրապետում է, սակայն դեռևս արձագանք չկա։
«Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել՝ ինչ ներկայացվել է հաղորդման (Հանրային հեռուստաընկերության եթերով՝ խմբ.) երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - ասել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ Հանրայինի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այն սոսկալի ճնշում է դատական իշխանության վրա, դեռևս դատական պրոցես տեղի չի ունեցել։
«Կարծես թե վերջնական դատական վճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատարաններին, թե ինչ է իրենցից ակնկալվում», - ասել է Հարությունյանը: