ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին:
Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված Mercedes E220 մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել է կողային հայելիները:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: