ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Շարժում-88» կուսակցությունը Արցախում սպասվող համապետական ընտրություններին կսատարի «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:
«Համակողմանիորեն քննարկելով ս.թ. մարտի 31-ի ընտրություններին ընդառաջ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ արձանագրում ենք, որ «Շարժում-88» խմբակցությունը իր կառուցողական քայլերով հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների վերաբերյալ ունեցել է կոնկրետ դիրքորոշումներ և հաստատակամ, համեստ քայլերով փորձել իր կառուցողական նպաստը բերել դրանց հետևողական լուծմանը:
Արցախի զարգացման մեր տեսլականը ի լուր բոլորի հնչեցրել ենք դեռևս 2017թ. հուլիսին՝ ԱԺ նիստում, և այսօր էլ հանձնառու ենք այդ գաղափարների իրականացմանը:
Մեր գաղափարակից և համակիր անդամների հետ քննարկումներից հետո հայտարարում ենք, որ ս.թ. մարտի 31-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համոզված լինելով, որ պետության կերտման ճանապարհին նրա փորձն ու հմտությունները, ինչպես նաև այդ փորձի վերարժևորմամբ ու պատշաճ հետևություններով հնարավոր է կերտել զարգացած ներառական տնտեսություն, ունենալ սոցիալապես արդար միջավայր, որում միակ արժեքը կլինի արցախի քաղաքացին», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։
Արայիկ Հարությունյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք» և «Արցախի ազատություն» կուսակցությունները: