ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի հետ կապված հարցեր:
ՀՀ նախագահի նստավայրում Հորդանանի թագավորի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մենք Նորին մեծության հետ երեկ և այսօր հոյակապ քննարկումներ ենք ունեցել: Քննարկել ենք մեր երկրների համագործակցության ներուժը զբոսաշրջության, կրթության և գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում»,- ասաց ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստան պատմական է. «Ես կարծում եմ, որ սա պատմական այց է ոչ միայն այն իմաստով, որ Նորին մեծությունն առաջին անգամ է Հայաստան այցելում, այլ նաև այն իմաստով, որ երկու երկրների, ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների, միգուցե, հազարամյակների պատմություն ունի: Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև մենք բոլորս հիշում ենք, որ ձեր ապուպապը 100 տարի առաջ արաբական աշխարհին ուղերձ ուղարկեց՝ խնդրելով ապաստան տալ այն հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից: Ցանկանում եմ գլուխ խոհարհել Ձեր ընտանիքի և Ձեր նախնիների առջև, նաև ցանկանում եմ մեր ժողովրդի կողմից ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասաց Արմեն Սարգսյանը: