ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։ Հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը խոսելով դատական համակարգից՝ նշել է՝ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ:
Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»:
Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն անդրադաձել է նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ եթե անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի այլ առաջարկ կա, թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի:
Հարց է հնչել նաև հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի փոփոխության մասին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:
Հիշեցնենք, վարչապետի հարցազրույցը եթեր է հեռարձակվելու այսօր՝ ժամը 22:00-ին: