ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի եւ «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումները երկրի գյուղերում եւ քաղաքներում շարունակվում են։ Այս մասին հայտարարություն է տարածել Բալասանյանի գրասենյակը, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր՝ փետրվարի 29-ին, Վիտալի Բալասանյանի կանգառի վայրերն էին Քարվաճառն ու Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն, Զուար, Հավսաթաղ համայնքները։
Վիտալի Բալասանյանի հանդիպումներն անցնում են ջերմ և անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն տալով մարդկանց բաց և անկեղծ զրուցելու իրենց հուզող խնդիրների մասին։ Խնդիրներ, որոնց Բալասանյանը քաջատեղյակ է և որոնց լուծումներին անդրադառնում է իր նախընտրական ծրագրում։
Այսօրվանից մաս-մաս կներկայացնենք ծրագրում ներկայացված հիմնական դրույթների համառոտ նկարագիրը ՝
• Արցախի Հանրապետության ներկայիս փաստացի սահմաններում անվտանգության ապահովում ՝ ուշադրության կենտրոնում պահելով Արցախի բաղկացուցիչ մաս կազմող և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Մարտունու և Մարտակերտի որոշ հատվածները:
• Արցախի Հանրապետության լիարժեք ճանաչում ՀՀ և միջազգային հանրության կողմից՝ որպես հայկական երկրորդ պետականության սուբյեկտ:
• Արցախյան հասարակության հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդում:
• Ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացում՝ երաշխավորելով անկախ ԶԼՄ-ների ինստիտուտի կայացումը և պետական մարմինների գործունեության թափանցիկությունը:
• Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հետ համակարգված կապերի զարգացում և ամրապնդում:
Վիտալի Բալասանյանը իր հանդիպումների ընթացքում խոսում է այս և մյուս՝ արցախցու համար կենսական նշանակության ունեցող թեմաների շուրջ»: