ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։
Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես‚ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն կառուցել է նաև ջրահեռացման խողովակներ‚ բետոնե վաքեր, հենապատեր և դեկորատիվ պատեր, տեղադրել է բազալտե եզրաքարեր‚ կատարվել են այլ աշխատանքներ։
Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Մ6 միջպետական ճանապարհի նաև մյուս հատվածներում։