ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում»: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան:
«Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ»,- հավելել է նա։
Ստեփանյանը նշել է, որ զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։
Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։