ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած դրամահավաքը քննադատության է արժանացել Թուրքիայի մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից: Հարցին անդրադարձել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը: Նա ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Աշխարհի առաջնորդներն իրենց քաղաքացիների հաշիվներին գումար են փոխանցում, Էրդողանն իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին, որ նրանք գումար փոխանցեն»,-գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր 7 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է որպես օգնություն կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին՝ այսպիսով մարտի 30-ին մեկնարկելով Ազգային համերաշխության նախաձեռնությունը: Նշենք, որ այդ նախաձեռնությանը միացել են կառավարության անդամներն ու օրենսդիրները, որոնք նվիրաբերել են շուրջ 5,2 միլիոն թուրքական լիրա (791 000 դոլար):